«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չի գտնվում, նա մասնավոր այցով գտնվում է արտերկրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը մի քանի օրից կմեկնի Մերձավոր Արեւելք, որտեղ նախատեսված է գործնական հանդիպումների շարք: «Այդ մասին համապատասխան տեղեկատվություն կտրվի»,- հավելեց մամուլի քարտուղարը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը՝ ապրիլի 28-ին Կառավարության անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ քանի որ ԲՀԿ առաջնորդը այս պահին Հայաստանուն չէ, նրա աշխատանքային զբաղվածության հետ կապված տեղեկություն չունի, դեռ ժամանակ կա, ուստի հավելյալ տեղյակ կպահեն:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկրում չէ։ Թերթի տեղեկություններով՝ նա իր բիզնեսին առնչվող հարցերով մեկնել է Մերձավոր Արեւելք: «Իսկ առաջիկա օրերին կլինի Դուբայում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում Աժ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Նրանց հետ կլինեն նաեւ ՌԴ մի քանի այլ գործարարներ»,–գրել է թերթը։

«Հրապարակ» թերթն իր հերքին գրել էր, թե ԲՀԿ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանի եւ մի խումբ օլիգարխների հետ այս օրերին Դուբայում է՝ քննարկում են առաջիկա անելիքները: