Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի կարծում, թե Սահմանադրական դատարանում իր ելույթը եւ հակափաստարկները թույլ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը («Թունելի Հակոբը»):
Հարցին, թե կիսում է «Դեմ եմ»-ի ներկայացուցչի կարծիքը, թե պատասխանող կողմը շատ վատ էր պատրաստված եւ ինքը ոչ մի հակափաստարկ չի ներկայացրել, նա այսպես պատասխանեց, «Երկուշաբթի կասեմ»: Դիտարկմանը,թե երկուշաբթի ավելի լավ է պատրաստված լինելու, նա նշեց հետեւյալը. «Երկուշաբթի, ոչ, լավ չեմ պատրաստված լինելու, իրավաբան կամ իրավագետ կգա Սահմանադրությանը կպած, Սահմանադրության մասով բացատրություն կտա: Ես բացատրություն եմ տվել օրենքի մասով, Սահմանադրության մասով իրավաբանը բացատրություն չի տվել: Դա ես չէ, որ պիտի տամ, որովհետեւ ես իրավաբան չեմ: Իմ մասով իմ ելույթը բացարձակ թույլ չի եղել, Սահմանադրությունը օրենքը չի քննարկում, Սահմանադրությունը քննարկում է օրենքի հետ կապված հակասությունը, դրա համար նրանց իմ ելույթը չի հետաքրքրում»:
Հարցին, արդյոք ՀՀԿ-ում դժգոհություն չեն հայտնել ձեր ելույթից եւ պատրաստվածությունից, պատգամավորը նեղսրտեց. «Դա ի՞նչ հարցադրում է, չեմ հասկանում, ձեր հարցադրումը ավելորդ է»:
Պատգամավորին խնդրեցինք պարզաբանել նաեւ, թե ինչու իրեն հարց ուղղող թոշակառուին պատասխանեց «ըհը»: «Բայց ի՞նչ պատասխանեմ, երբ մարդը չի լսում, մենակ գոռում է, ինչ կարող ես անել այդ մարդու հետ, հիմա ոնց որ դուք ինձ չլսեք, ես հեռախոսը կանջատեմ: Ես ասում եմ «ըհը», որ ինքը ավարտի, հակառակը՝ հասկացնում եմ, որ լսում եմ, որ ինքը շարունակի, ավարտի: Բա հարց տվեցի, ասացի՝ ինչքան է քո թոշակը, ասաց՝ 40 հազար, բա ասի՝ ամոթ չի, որ 40 հազար է թոշակը, իսկ լրատվությունը ուրիշ ձեւի էր մեկնաբանել, մենք ենք ու մեր լրատվությունը, էդպես է»,-մեկնաբանեց պատգամավորը:




























