Մարտի 4-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը մարտի 31-ին, դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Ֆիզիկապես Մամիկոն Խոջոյանի վիճակը բավարար է, բայց հարազատների խոսքով՝ նա դեռ վախեր ունի եւ հիշողությունն ամբողջությամբ չի վերականգնվել. Խոջոյանը հիշում է միայն իր յոթ զավակներից երկուսին։
Ծերունին քայլում է որդու օգնությամբ։ Անծանոթի տեսնելիս՝ կուչ է գալիս անկողնում ու վերմակով ծածկում դեմքը։ Հարցին՝ ինչից կամ ումից է վախենում, կիսաձայն անհասկանալի բառեր է ասում ու կրկնում. «Ինձ կապել են»։
Մամիկոն Խոջոյանի որդին՝ Հայկազ Խոջոյանը, հոր մոտից չի հեռանում։ Հայրը գիշերը լավ չի քնում, ցավեր է ունենում.
«Պահեր կան, որ ասում ա՝ հողին պառկեմ, գոմում պառկեմ, պատուհանից փախնեմ։ Դրանից մտածում ենք, որ կարող ա՝ գետնին պառկացրած, գոմում պահած լինեն, ինքն էլ հիշում ա, որ ուզում էր փախներ պատուհանից։ Շատ են տանջել, սաղ մարմինը ջարդված ա»։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժնի վարիչ Կարեն Մանուկյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ Խոջոյանի աջ վերին վերջույթի ֆունկցիան աստիճանաբար վերականգնվում է, նա բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում։
Խոջոյանի որդին փորձում է անընդհատ զբաղեցնել հորը՝ խաղաքարտերով, նարդիով, բայց հայրը հիմա լավագույն խաղընկերը չէ. հիշողությունը խաղի ընթացքում անընդհատ կորչում է, մոռանում է թվերը եւ խաղի կանոնները։ Որդին արդեն մի քանի օր է, ինչ հորը նախապատրաստում է գյուղ վերադառնալու մտքին։ Գյուղի անունը լսելիս 77-ամյա ծերունու աչքերում կրկին արթնանում է վախը եւ մեկամսյա գերության մղձավանջը։











