Ուկրաինայում տիրող ճգնաժամի ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ, հաղորդում է գերմանական Der Spiegel ամսագիրը: Ամսագրի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ՝ վերոհիշյալ երկրների հետ «համագործակցության զարգացման պրակտիկ միջոցների» վերաբերյալ: Գլխավոր նպատակը տարածաշրջանում գործընկերներին աջակցելն է:
Ըստ պարբերականի ունեցած տվյալների՝ կդիտարկվեն ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների ԶՈւ հետ այդ պետությունների բանակների համատեղելիության բարձրացման հնարավորությունները: Խոսքը համատեղ զորավարժությունների ու զինվորականների որակավորման բարձրացման մասին է: Ադրբեջանի հետ կխորացվի համագործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանի հետ՝ ՆԱՏՕ-ն առաջնային է համարում երկրի ԶՈւ-ի կազմի որակավորման բարձրացումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


























