Ռուսական մարզիկ, մարտական սամբոյի Ռուսաստանի եւ աշխարհի բազմակի չեմպիոն, 32-ամյա Ալեքսանդր Եմելյկանենկոյի նկատմամբ բռնաբարության գործով հետախուզում է հայտարարվել:

«Քանի որ նա խուսափել է նախաքննությունից՝ սահմանված ժամկետում չմասնակցելով հարցաքննության եւ նախաքննական այլ գործողությունների, Եմելյանենկոյի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: Բացի այդ, քննիչներն առաջիկայում պատրաստվում են նրան գործում որպես մեղադրյալ ներգրավել»,- հայտարարել է ՌԴ քննչական մարմնի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Ըստ նախաքննության, մարտի 3-ի գիշերը Եմելյանենկոն սեռական բնույթի բռնություն է գործադրել իր բնակարանը մաքրող կնոջ նկատմամբ, ինչից հետո տուժածի պայուսակից հափշտակել է նրա անձնագիրը: Տուժածի կողմից բողոք ներկայացնելուց հետո մի շարք փորձաքննություններ են անցկացվել:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, նախաքննության ձեռք բերած նյութերի արդյունքներով Ալեքսանդր Եմելյանենկոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով («Սեռական բնույթի բռնություն») եւ 325 հոդվածի 2-րդ մասով («Անձնագրի հափշտակում»):