Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի, նրա 14-ամյա որդու եւ մյուս 14 քաղաքացիների գործն առաջիկա ուրբաթ՝ ապրիլի 4-ին, կուղարկվի դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
«Տղայիս էլ ներգրավվեցին այս գործի մեջ ու ուրբաթ օրը կուղարկեն դատարան: Ո՞վ է տեսել, որ երեք օրվա մեջ մեղադրանք առաջադրեն, գործը քննեն ու ուղարկեն դատարան»,- ասաց Ռուզաննա Բադալյանը:
Շահեն Հարությունյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրը շոկի մեջ է գցել Ռուզաննային:
«Անակնկալ էր, նման բան չէինք սպասում: Շանթի վրա ճնշում գործադրելու համար է այս ամենն արվում: Սա քաղաքական հետապնդում է: Հոր հայացքների համար որդուն են դատապարտում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Շանթ Հարությունյանն արդեն տեղյակ է որդուն մեղադրանք առաջադրելու մասին:
Նշենք, որ Շահենին այսօր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր:



























