«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը դեռ չի որոշել ապրիլի 28-30-ը մասնակցելո՞ւ է խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքին, թե ոչ: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Ավետիսյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում «Դեմ եմ»-ը կսատարի չորս ուժերին այնպես, ինչպես քաղաքական ուժերն օգնեցին նախաձեռնությանն այս պայքարում:

«Դեռ ոչինչ չենք որոշել, թե շուրջօրյա հանրահավաքին կմասնակցենք, թե ոչ: Ամեն դեպքում «Դեմ եմ»-ում կան տարբեր հայացքների տեր մարդիկ, ովքեր հնարավոր է եւ մասնակցեն, իսկ հենց նախաձեռնության անունից դեռ չենք որոշել: Առաջիկայում կքննարկենք եւ կհայտարարենք»,- ասաց Հայկը:

Հարցին` արդյոք մինչեւ այդ չորս ուժերն ապրիլի 12-ին կմասնակցեն «Դեմ եմ»-ի հավաքին, Հայկը նորից խուսափողական պատասխան տվեց` «չենք որոշել»:

Նշենք, որ ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերը ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաք են կազմակերպում Ազատության հրապարակում, որի օրակարգում կառավարության հրաժարականն է լինելու: