Վարչապետի հրաժարականը պատահականություն չէր, դա սպասելի քայլեր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Նրա խոսքով, կառավարության անհապաղ հրաժարականի անհրաժեշտության մասին խոսվել է բազմիցս, սակայն վարչապետի հրաժարականը չպետք է դիտարկել այդ տեսանկյունից. «Այդ հրաժարականը բացատրվում է երկրում քաղաքական գործընթացներով, նաեւ Սահմանադրական դատարանի որոշմամբ: Կառավարության հրաժարականն անխուսափելի էր, քանի որ այս կառավարությունը չի կարողացել լուծել երկրի քաղաքացիների կենսամակադարկի բարձրացման խնդիրները եւ դադարեցնել արտագաղթը»:

Քոքոբելյանը նշել է, որ ՀՀԿ-ն քայլ առաջ է արել, եւ այժմ շատ կարեւոր է, թե ինչ կառավարություն կձեւավորվի եւ ինչ խնդիրներ կկարողանա լուծել. «Հայաստանին հարկավոր է որակապես նոր կառավարություն, որը ի վիճակի կլինի լուծել երկրի առջեւ ծառացած լուրջ խնդիրները»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է: