Զատիկյանների եւ Հակոբյանների ընտանիքների հարաբերություններն իրականում շատ նորմալ եւ մտերիմ են եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանին սպանելու մեղադրանքով  15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդի Ստեփան Հակոբյանի ընտանիքի անդամները:

Նրանց փոխանցմամբ՝ Սեդրակ Զատիկյանի մահվանից հետո ինչ-որ անձինք նրա սպանության սլաքները ուղղել են դեպի Ստեփան Հակոբյանը, ինչն իրականությանը չի համապատասխանում: Հարազատները նշում են, որ Ստեփան Հակոբյանը առնչություն չի ունեցել այդ սպանության հետ եւ նա ընդամենը ինչ-ինչ պատճառներով ներքաշվել է այդ գործի մեջ, «դա պարզվել է ողջ դատաքննության ընթացքում, ինչի ականատեսը եղել են դատական նիստերին ներկա եւ մասնակից բոլոր անձինք, այդ թվում տուժող կողմը եւ որեւէ մեկը չի կարող կոնկրետ հիմնավորումներով հակառակը պնդել»:

«Մի նկատառում ընդամենը` սպանությունից հետո, երբ Ստեփան Հակոբյանն իմացել է, որ իրեն կասկածում են այդ հանցագործության կատարման մեջ, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ այդ սպանության հետ որեւէ կապ եւ առնչություն չունի: Եվ քանի որ այդ հանցագործությանը նրա առնչությունը հիմնավորող որեւէ ապացույց չի եղել, նրան ձերբակալել եւ կալանավորել են ապօրինի կերպով փամփուշտներ պահելու համար, որպիսի մեղադրանքն անհիմն է եղել եւ այդ մեղադրանքով էլ նա ի վերջո արդարացվել է: Ինչ վերաբերում է Օպերա ակումբում տեղի ունեցած ինչ-որ դեպքի, որի մասին հիշատակվել է, ապա իրականում Ստեփան Հակոբյանի եւ Սեդրակ Զատիկյանի միջեւ նման դեպք տեղի չի ունեցել, Ստեփանն էլ նման ատահայտություններ չի արել, թե ով ես դու, ով է քո հայրը, այդպիսի խոսքեր ասելու պատճառ էլ չի ունեցել: Տղաների միջեւ, ինչպես հաճախ լինում է միմյանց հետ պարբերաբար շփվող երիտասարդների միջեւ, մանր վիճաբանություններ եղել են, բայց դրանք հարթվել են եւ դրանից հետո տղաները, նորից որպես մտերիմներ, շփվել են միմյանց հետ եւ նրանց միջեւ որեւէ թշնամություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է ավագանու ընտրությունների արդյունքներին եւ դրա հետ կապված մեր «նախանձին», ապա դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությունը: Այս եղանակով ընդամենը փորձ է արվում սպանությունը պատվիրելու ենթադրյալ դրդապատճառի տպավորություն ստեղծել»,- նշեցին հարազատները:

Իսկ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանից NEWS.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 2-ին կայացած նիստում Վերաքննիչ դատարանը մերժել է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբյանին դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը եւ նրան չի արդարացրել: Մյուս կողմը եւս դիմել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով ցմահ ազատազրկում Ստեփան Հակոբյանի նկատմամբ, այդ դիմումը եւս մերժվել է: Երեմ Սարգսյանն ասաց, որ անպայման դիմելու են Վճռաբեկ դատարան, իսկ Հայաստանում հաջողության չհասնելու դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը համեմատաբար նորմալ է, նա այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Հիշեցնենք, որ Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան՝ 31-ամյա  Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով, նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Զատիկյանը  մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը Արսեն Առուշանյանին պատվիրելու համար։