Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը արտաքին ազդեցության հետ չի կապում: Ապրիլի 15-ի մամուլի ասուլիսում Սերգեյ Մինասյանը հիշեցրել է, որ Տիգրան Սարգսյանը արեւմտյան ֆինանսական կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ ունի: «Բայց կարճ ժամանակում կարողացավ արագացնել Մաքսային միություն մտնելու գործընթացը, ընդ որում՝ այնքան արագ, որ դա զարմացրեց ռուսական կողմին եւ ՄՄ-ին», - նշել է փորձագետը:
Սերգեյ Մինասյանը հիշեցրել է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կախված էր իշխանությունների քաղաքական որոշումից, իսկ անձամբ Տիգրան Սարգսյանը հազիվ թե ռուսական կողմի հետ խնդիրներ ունենար, առավել եւս, որ «Գազպրոմի» տնօրենի համակուրսեցին էր: ՄՄ մտնելու որոշումն ընդունել է նախագահը, իսկ նախկին եւ ներկա վարչապետները պետության ղեկավարի կամքն են կատարում: «Տիգրան Սարգսյանի հրաժարականը 99,9%-ով պայմանավորված էր ներքաղաքական եւ սոցիալական իրավիճակով», - կարծում է փորձագետը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























