Թուրքիայում նոր օրենք է ուժի մեջ մտել, համաձայն որի այդ երկրի հատուկ ծառայությունները կարող են հեշտությամբ հեռախոսային խոսակցություններ գաղտնալսել եւ մասնավոր ու հասարակական կազմակերպություններից անձնական բնույթի տվյալներ պահանջել:
Միեւնույն ժամանակ հատուկ ծառայությունների գործակալներն ավելի բարձր անձեռնմխելիություն եւ քրեական հետապնդումից պաշտպանություն են ձեռք բերում: Օրենքը պետական կառույցներից սպրդված տեղեկատվական «հոսքերի» հրապարակման դեպքում լրագրողների համար ավելի խիստ պատժամիջոց է նախատեսում` մինչեւ 10 տարի ազատազրկում:
Վերջին խոշոր կոռուպցիոն բնույթի սկանդալից հետո, որի կենտրոնում երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հայտնվել, Թուրքիայի իշխանությունները փորձում են սահմանափակել բնակչության հասանելիությունը սոցցանցերին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարտ ամսին Թուրքիայում արգելափակվել էին Twitter եւ YouTube ծառայությունները, սակայն երկրի սահմանադրական դատարանը Twitter-ի արգելափակումը անօրինական էր ճանաչել, որին ի պատասխան Էրդողանը դատավորներին, ոստիկանությանը եւ դատախազությանը կոռուպցիոն սկանդալի կանխամտածված ուռճացման մեջ էր մեղադրել:



























