Դեռ հայտնի չէ, թե որտեղ է հուղարկավորվելու Լոս Անջելեսում ապրիլի 24-ին 85 տարեկան հասակում մահացած կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մշակույթի նախարարությունից:

«Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ապրիլի 26-ին ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողովը, որն էլ կորոշի: Դեռ ոչինչ հայտնի չէ»,- ասացին նախարարության մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի մեջ են նաեւ Օրբելյանի զարմիկը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Տրանսպորտի եւ կապի, առողջապահության եւ ֆինանսների նախարարները, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ավելի վաղ ապրիլի 25-ին, Օրբելյանի մտերիմ ընկերներից՝ հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի, թե որտեղ կհուղարկավորվի կոմպոզիտորը: «Ամեն դեպքում նա հարազատներ չունի ոչ Հայաստանում, ոչ էլ ԱՄՆ-ում»,- նշել էր «Մալխասը»: