«Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում Հայաստանի քայլերի մասին Պրահայում «Արեւելյան գործընկերության» հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքերը:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը հայտնել էր, որ Հայաստանը դեռ կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ԵՄ-ի հետ` նույնիսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո: «Ինչո՞ւ ոչ:  Սա Գերմանիայի ցանկությունն է, եւ կարծում եմ` ԵՄ-ինը նույնպես:  Մենք որոշակի փաստաթուղթ կստորագրենք, սակայն մենք պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը», - նշել էր Ռայներ Մորելը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Պրահայում ելույթ  ունենալով «Արեւելյան գործընկերության» հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը, համոզմունք էր հայտնել, որ  գործընկեր երկրներից որեւէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ «Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջեւ, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ», - նշել էր նա։ Նախագահը համոզմունք էր հայտնել, որ «Արեւելյան գործընկերությունը» միայն Ասոցացման համաձայնագրով չի սահմանափակվում: «Երբ հայտարարում էինք «եւ՛, եւ՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն եւ ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները եւ ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով։

Մենք անկեղծ հավատում ենք, որ միայն համագործակցության ճանապարհով ու համատեղ քայլերով է հնարավոր իրականություն դարձնել խաղաղ եւ բարեկեցիկ միասնական Եվրոպայի տեսլականը», - ընդգծել էր նախագահը՝ հավելելով, որ ծրագիրը որոշակի խնդիր ուներ:  Միաժամանակ նա համոզմունք էր հայտնել, որ գործընկերությունը շարունակվելու է, եւ բոլոր բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով: