Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում:

«Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում  լուրջ ներուժ է ձեւավորվել, առկա են էական ձեռքբերումներ եւ պատրաստ եմ ներդնել բոլոր ջանքերը մեր համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար», - նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարեւորել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որն ուղղված է բազմակողմանի տնտեսական համագործակցության զարգացմանը, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:

Մաքսիմ Սոկոլովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ բարձր գնահատել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակը: «Վերջին տարիներին երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգանում է բավական դինամիկ, աճում է ապրանքաշրջանառության ծավալը», - ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը: Պարոն Սոկոլովը տեղեկացրել է, որ այսօր մասնակցել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը: Դա, Մ. Սոկոլովի խոսքով, վկայում է ինչպես ներդրումային, այնպես էլ առեւտրատնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: