Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի` գազային հարցերի շուրջ եռակողմ բանակցություններն անարդյունք են ավարտվել, սակայն մայիսին հանդիպումների եւս երկու փուլ է սպասվում: Այս մասին տեղեկություն է հաղորդել էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը` ՌԴ եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Եւս երկու եռակողմ հանդիպումներ կկայանան մայիսի կեսերին եւ վերջին»,- էտտինգերի խոսքերն է մեջբերել ՌԻԱ-Նովոստին:
Եվրահանձնակատարը նշել է, որ հետագա ամիսներին կարելի է ձմեռվա համար անհրաժեշտ գազի կուտակման հարցերին անդրադառնալ:
Նախօրեին Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը նշել էր, որ եռակողմ հանդիպման թեման գազի մատակարարմանը եւ տրանզիտին է վերաբերելու: «Կարծում եմ` գազին վերաբերող ոլորտում մեր փոխհարաբերությունների ողջ սպեկտրը կքննարկվի»,- ասել էր նա:
Ավելի վաղ կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը նշել էր, որ Ուկրաինայի հիմնական պահանջը գազի գնին է վերաբերում: Ուկրաինական կողմը պնդում է, որ այն պետք է անփոփոխ` հազար խ.մ.-ի համար 268 ԱՄՆ դոլարի սահմանագծին մնա:



























