ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կսկսեն Ռուսաստանի դեմ «ոլորտային պատժամիջոցներ» կիրառել, եթե Մոսկվան խոչընդոտի այս ամսվա վերջին Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացմանը, հաղորդում է «Reuters»-ը:
Օբաման հանդես է եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սպառնալիքով Սպիտակ Տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նույնպես կողմ է ավելի ընդարձակ պատժամիջոցների կիրառմանը: Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները կշարունակեն համաձայնեցված քաղաքականություն անցկացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում:
«Հաջորդ քայլը լայն ոլորտային պատժամիջոցների կիրառումն է»,- ասել է Օբաման: Մերկելը համաձայնել է ԱՄՆ-ի ղեկավարի հետ՝ ասելով, որ մայիսի 25-ին(ուկրաինական նախագահական ընտրությունների օրը) ճգնաժամային օր է եւ արեւմտյան դաշնակիցները «հետեւելու են, որպեսզի ընտրությունները կայանան»:
Ռուսական տնտեսության էներգետիկ եւ բանկային սեկտորները երկու հավանական բնագավառներից են հանդիսանում, որոնց դեմ կարող են հավելյալ պատժամիջոցներ կիրառվել:
«Եվրոպայում մենք որոշում ենք ընդունել, որ եթե Ուկրաինայում շարունակվի իրավիճակի ապակայունացումը, մենք պատժամիջոցների երրորդ փաթեթը կկիրառենք: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք պարտադիր չէ, որ կամենում ենք, պարզապես պատրաստ ենք կիրառել, գնալ նման քայլերի»,- ասել է Մերկելը:
Օբաման հավելել է, որ պատժամիջոցների նպտակը Ռուսաստանին պատժելը չէ, այլ ռուսներին խթանելը, որ «նրանք ավելի լավ ուղի ընտրեն»:
ԱՄՆ նախագահը կրկին Ռուսաստանին կոչ է արել համոզել Ուկրաինայում ռուսամետ ռազմական խմբավորումներին բվայր դնել զենքը եւ ամոթալի է համարել փաստը, որ ապստամբներիը գերի էին վերցրել միջազգային դիտորդներին:
«Ողջ աշխարհի համար ակնհայտ է, որ դրանք Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող խմբավորումները խաղաղ ցուցարարներ չեն, այլ լավ զինված գրոհայիններ»,-ասել է Բարաք Օբաման:




























