Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախ ժամանած՝ եվրախորհրդարանի եւ Իսպանիայի խորհրդարանի պատգամավորներին:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե վարչապետը, ողջունելով հյուրերին, ուրախություն է հայտնել, որ բասկերի համայնքի եւ ԼՂՀ-ի միջեւ կապերն ավանդական են դարձել: Ա. Հարությունյանը ընդգծել է, որ նրանց երկիրը եւ Արցախը նման պատմություններ ունեն, հատկապես՝ անկախության ճանաչման եւ սեփական իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի տեսանկյունից: Նա շեշտադրել է այն հանգամանքը, որ բասկերը ներկայացված են եվրոպական խորհրդարանում եւ կարողանում են իրենց ձայնը բարձրացնել այդպիսի հարթակում:
Եվրախորհրդարանի պատգամավոր, «Կանաչներ-եվրոպական ազատ դաշինքի» անդամ Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսը իր խոսքում կարեւորել է իրենց այցը՝ Արցախի փորձին եւ պատմությանը ծանոթանալու համատեքստում: Ըստ նրա՝ ազգերի ինքնորոշումը, իրավունքների պաշտպանությունը եւ համերաշխությունն այն հիմնարար սկզբունքներն են, որոնց վրա պետք է կառուցվեն նրանց հարաբերությունները: Նա համոզմունք է հայտնել, որ հայ եւ բասկ ազգերը միասին պայքարելու են ավելի հավասար եւ արդար Եվրոպայի կառուցման համար: Եվրախորհրդարանի պատգամավորը հույս է հայտնել, որ արցախյան հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, եւ մոտ ապագայում կդրվեն նաեւ եվրոպական խորհրդարանում համագործակցության հիմքերը:
Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական համագործակցության հնարավորությունները՝ փաստելով, որ փոխադարձ հետաքրքրության շատ եզրեր կան՝ փորձի փոխանակումից մինչեւ ներդրումային ծրագրեր: Ձեռք են բերվել համաձայնություններ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին Իսպանիայի խորհրդարանի անդամ Հոն Ինյարիտուն, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենսո Օչոան եւ մի շարք այլ հյուրեր:




























