Հետխորհրդային պատմությունն ավարտվել է, հետխորհրդային տարածքը, որի գլխավոր տարրերը ԱՊՀ մաս էին կազմում, փոխվում է, նոր աշխարհակարգ է ձեւավորվում: Մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը նման է 1993-94թթ. Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին. երկիրը կառավարելիության կորստի առջեւ է կանգնած, բաժանված է մի քանի մասերի: «Ուկրաինան չափազանց մեծ կարեւորություն ունի մեր ողջ տարածաշրջանի համար: Փոխվում է տարածաշրջանում Ռուսաստանի դերը, մասնավորապես այլ են ռուս-արեւմտյան եւ Ռուսաստան-ԱՊՀ երկրներ հարաբերությունները: Փոփոխությունների առաջին նախանշանը անցած տարի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը երեւաց (Հայաստանի` ՄՄ-ի անդամ դառնալու մտադրության մասին հայտարարվեց – խմբ.)»,- նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը, ընդգծելով, որ այդ իրադարձությունը եւս առնչություն ուներ Ուկրաինային: