Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը մայիսի 5-6-ը այցելեց Ուփսալա քաղաք, ուր մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մայիսի 5-ին տեղի ունեցավ դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ուփսալայի քաղաքային խորհրդի նախագահ Լարշ Բեքլյունդի հետ։ Քննարկվեցին Ուփսալայի եւ Հայաստանի համայնքների միջեւ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները։ Մտքեր փոխանակվեցին Ուփսալայի զարգացման ծրագրերի փորձը Հայաստանում տեղայնացնելու, մշակութային, գործարար եւ զբոսաշրջային կապեր զարգացնելու, հայ համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին հնարավորինս աջակցելու վերաբերյալ։
Մայիսի 6-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպեց Ուփսալայի համալսարանի ռեկտոր Էվա Օկեսսոնին։ Զրուցակիցները քննարկեցին Ուփսալայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով երկու երկրներում համալսարանների ունեցած առաջատար դիրքերը եւ ընդհանրությունները։ Մտքեր փոխանակվեցին ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի փոխանակումների, նաեւ հայ ուսանողների կողմից Ուփսալայի համալսարանում կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ։
Մայիսի 5-ի երեկոյան դեսպան Ապիտոնյանը Ուփսալայի «Հայ տուն» ակումբում հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-շվեդական հարաբերությունների համատեքստում` Շվեդիայի հայ համայնքի հետ գործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ։




























