Թուրքիայում 2011 թվականի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով արդար դատավարության պահանջով ինտերնետով ստորագրահավաք է սկսվել։
Նիլդալ Օզանյանի կողմից բացված ստորագրահավաքը սկսվել է Change.org կայքում, որը վերնագրված է. «Սեւակի համար արդարություն ենք պահանջում։ Ստորագրահավաքի հայտարարության տեքստում նշվում, է, որ 2011 թվականի ապրիլի 24-ին «կասկածելի» պայմաններում սպանված հայ զինվորի ընտանիքն այդ սպանությունը որակել է որպես ցեղասպանության շարունակություն»։
Հիշեցնենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։
Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել Սեւակի զինծառայակից Քվանչ Աղաօղլուին` անփութության հետեւանքով մարդ սպանելու համար:
Դատարանը, հաշվի առնելով, որ Քվանչ Աղաօղլուն որոշ ժամանակ կալանքի տակ է եղել, որոշում է կայացրել, որ նա 3 տարի է գտնվելու ազատազրկման մեջ:



























