Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եվրոպական ասոցիացիայի առաջարկը նաեւ «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովի հետո: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Երեւանում հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նա հավելել է, որ 2013-ին Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը ցույց տվեց իր կամքն ու ընտրությունը. Հանրապետությունը պահպանում է Եվրոպային մերձենալու վճռականությունը: Օլանդի խոսքով՝ պետք չէ կանգնել ԵՄ-ի եւ Մաքսային միության միջեւ դիլեմայի առջեւ: «Ես կցանկանայի մտածել այն մասին, թե ինչպես Հայաստանը կարող է կազմակերպել ԵՄ-ի հետ ասոցիացիան այնպես, որ դա չխանգարի ՄՄ-ի հետ ինտեգրմանը: Ակնհայտ է, որ Հայաստանը, կապված լինելով իր տարածաշրջանին, ցանկանում է մասնակցել նաեւ եվրոպական քաղաքական արժեքներին: Դա անհրաժեշտ է, ինչպես նաեւ եվրոպական ներդրումների հոսքը Հայաստան, որպեսզի մեր օրակարգը հագեցած լինի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական հարցերով»,-ասել է Օլանդը:




























