Ֆրանսիական մամուլը ուշադիր հետեւում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան եւ Ադրբեջան այցերին:
Ֆրանսիայի հեռուստատեսության «Առաջին ալիքի» լուրերի ռեպորտաժներից մեկը նվիրված է եղել Օլանդի Հայաստան այցին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը եւ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի համերգին:
Մասնավորապես, ներկայացվել են լեգենդար շանսոնյեի խոսքերը, որ իր համար հաճելի է ելույթ ունենալ երկու սիրելի նախագահների համար: Հեռուստաալիքը հիշեցրել է նաեւ Ֆրանսիայի նախագահի խոսքն այն մասին, որ 2015-ի ապրիլի 24-ին ինքը կլինի Հայաստանում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Le Monde» թերթը շեշտը դնում է Օլանդի Բաքու այցի վրա: Պարբերականի վերլուծաբանը գրում է, որ Ադրբեջանը քաջ տեղյակ է հայ հզոր համայնքի գոյության մասին, սակայն Բաքուն առաջիկա երկու տարվա ընթացքում մտադիր է լավ պայմանագրեր առաջարկել ֆրանսիական ընկերություններին նավթի եւ գազի տարանցման շուրջ, ու սա բավականին հետաքրքիր է Ֆրանսիայի համար:
« Radio France »-ը նշում է, որ Օլանդի այցն ուղղված չէ Կովկասում Եվրոպայի ռազամավարական դիրքերի ամրապնդմանը եւ որպեսզի իմանա, թե ինչպիսի տրամադրություն է տիրում այստեղ, որքան ազդեցիկ է ռուսական գործոնը տարածաշրջանում, քանի որ Ռուսաստանն այժմ լրջորեն զբաղված է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում իր ներկայությամբ:




























