Ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանը հերքում է տեղեկությունները, թե ինքը մեծ գումարներ է փոխանցել Կիպրոս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ծանոթ է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը եւ այնտեղ իր կողմից՝ Կիպրոս մեծ գումարներ փոխանցելու մասին որեւէ բան չկա: «Ծանոթ եմ հաշվետվությանը, այդտեղ այդպիսի բաներ չկան, երբ ծանոթանաք,կտեսնենք, ես անձամբ ոչ մի գումար ոչ մի տեղ չեմ փոխանցել»,- ասաց նախկին նախարարը:
Նախկին նախարարը պարզաբանեց, որ Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2012թ հունիսին եւ անգամ ամենամեծ ցանկության դեպքում ինքը չէր կարոդ Կիպրոս գումար փոխանցել, քանի որ ֆինանսների նախարար չէր:
«Ավելին, ինչքան որ հիշում եմ, մինչ այդ պայմանագրի կնքվելը մրցույթ է եղել, որը կազմակերպվել րէ դրանից ավելի շուտ՝ 2011թ: Եւ հետո՝ Վերահսկիչ պալատի այս հաշվետվության հետ կապված ԾԻԳ-ը բովանդակային պարզաբանումներ էր տվել եւ համապատասխան արձագանք էր եղել»,- ասաց նախկին նախարարը:
Դավիթ Սարգսյանը հավելյալ պարզաբանման համար խորհուրդ տվեց դիմել համապատասխան ծառայություններին՝ Վերահսկիչ պալատին կամ Ֆինանսների նախարարությանը:
Նշենք, որ Վերահսկիչ պալատն իր հերթական հաշվետվության մեջ անդրադարձել է Ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանին. պարզվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություների կողմից Հայաստանին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին, որոնց հետ կառավարությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր: Վերահսկիչ պալատի տվյալներով՝ ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրորդ ընկերություն:
ՎՊ-ն իր հաշվետվության մեջ գրում է, որ «Բնական հարց է առաջանում, եթե հայկական որեւէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչո՞ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»: Մեր կառավարությունը պայմանագիր է կնքել Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերության հետ եւ փոխանցել է 704.000 ԱՄՆ դոլար: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը 288.000 ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ, որն էլ իրականացրել է նախատեսված աշխատանքների ողջ ծավալը:




























