Որոտանի կասկադ ՀԷԿ-ի` ամերիկյան կողմին վաճառելու մասին որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ: Այս մասին մայիսի 14-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը եւ ամերիկյան Contour Global-ը գոհ են գործարքի պայմաններից, այդ թվում նաեւ` արժեքից (180 մլն ԱՄՆ դոլար): «Ներկա պահին հստակ չեմ կարող ասել, թե միջոցները երբ կփոխանցվեն, բայց կրկնվեմ` ոչ ոք գործարքից հրաժարվելու մտադրություն չունի: Պահպանվում են նաեւ պետության` բոլոր ներդրումային ծրագրերն իրականացնելու պարտավորությունները: Դրանք անպայման պետք է իրականացվեն, որովհետեւ արդյունքում ՀԷԿ-ը մի քանի անգամ ավելի շահութաբեր կդառնա», - հայտարարել է Գալստյանը:
Նա համաձայնել է, որ Որոտանի կասկադն առանց այդ էլ լավ վիճակում է գտնվում: «Եթե այդպես չլիներ, ապա վերանորոգման համար գերմանական KfW բանկին շտապ վարկավորման խնդրանքով չէինք դիմի (2010թ.-ին` 51 մլն եվրոյի չափով - Խմբ)», - հայտարարել է Գալստյանը:
Որոտանի կասկադ ՀԷԿ-ը երեք էլեկտրակայաններից է բաղկացած` Սպանդարյանի (հզորությունը` 76 Մվտ), Շամբի` (171 Մվտ) եւ Տաթեւի (157,2 Մվտ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի հարյուր տոկոսանոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ին հավանություն է տվել ՀԷԿ-ի` ամերիկան Contour Global ընկերությանը վաճառքի գործարքին:



























