Ստեղծված իրավիճակում Հայաստանի հիմնական արտաքին քաղաքականությունը պետք է լինի տարածաշրջանային քաղաքականությունը՝ Իրանի եւ Վրաստանի հետ նոր հարաբերությունները, որի հիման վրա երկիրը պետք է փորձի նոր հարաբերություններ կառուցել աշխարհի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. ընտրությունների ուսումնասիրում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ չնայած Վրաստանի եւ Իրանի հետ բարեկամական հարաբերություններին, ուշադիր դիտորդը կարող է նկատել, որ այդ երկու երկրների հետ հարաբերությունները ստագնացիայի փուլում են: «Հայաստանի արտաքին քաղաքականության օրկարգի համար հիմնական կարեւորություն է ձեռք բերում Իրանի շուրջ փոփոխությունների ընկալումը եւ դրա հետեւանքով փոփոխությունները տարածաշրջանում: Այդ տեսանկյունից, կարծում եմ, որ հնչեց շատ կարեւոր հայտարարություն այն մասին, որ Իրանը պատրաստ է եւ քննարկում է Հայաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանելու հնարավորությունը»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա հետ կապված Հայաստանի պաշտոնական արձագանքը չի եղել:
Փաշինյանն ընդգծել է, որ այդ տրամաբանության շրջանակներում անհրաժեշտ է նոր հարաբերություններ զարգացնել Վրաստանի հետ:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի նավթի եւ միջազգային գործերի փոխնախարար Ալի Մաժեդին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է գազ արտահանել եվրոպական երկրներ՝ ներառյալ Գերմանիա, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիա: Նա նշել էր, որ եվրոպական երկրները կարող են իրանական գազը ներմուծել երեք առանձին երթուղիներով, այդ թվում նաեւ թուրքական խողովակաշարով, որը, ըստ Մաժեդիի, ներկա պայմաններում համարվում է տնտեսապես առավել արդյունավետը:
Նա ասել է, որ երկրորդ երթուղին անցնցում է Իրաքի, Սիրիայի, Լիբանանի տարածքներով եւ Միջերկրական ծովով: «Երրորդ երթուղին անցնցում է Հայաստանով, Վրաստանով եւ Սեւ ծովով»,-ընդգծել է Մաժեդին:




























