Բիզնեսը արդար խաղի կանոնների անցնելու համար ժամանակ ունի մինչեւ հուլիսի 1-ը: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով իր երեկվա հանդիպումը խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ ինքը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հանձնարարել է հետեւել այդ գործընթացին:
«Մենք պայմանավորվել ենք, որ բիզնեսի պայմանները հավասար են լինելու բոլորի համար: Մինչեւ հուլիսի 1-ը մենք ժամանակ ենք տալիս, որպեսզի բիզնեսը ինքը փորձի աշխատել այլ ձեւով: Դրանից հետո մենք ստիպված ենք լինելու լծակներ կիրառել մեր լիազորությունների շրջանակներում»,-հայտարարել է վարչապետը:
Նա նկատել է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումը որոշվել էր անցկացնել առանց մամուլի ներկայացուցիչների, որպեսզի բիզնեսին ուղղված մեր ուղերձը հնչի հանգիստ բայց նաեւ խիտ: «Ես ուզում էի հասկացնել տալ, որ կառավարությունը խոսում է հանգիստ, բայց լուրջ»,-հավելել է Աբրահամյանը:




























