Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ նոր ձեւավորված կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ եւ գործնական քայլեր իրականացնել այն խորացնելու ուղղությամբ:
Տրայան Հրիսթեան շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ բարձր գնահատել ԱԺ նախագահի պաշտոնում ծավալված կառուցողական համագործակցությունը: Դա, ըստ ԵՄ դեսպանի, լավ հիմք է հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի եւ առաջընթացի համար: Պարոն Հրիսթեան վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին եւ ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ գործակցությունը:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Տրայան Հրիսթեան քննարկել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացումը պետք է բխի 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունից: Այն վերահաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցություն շարունակելու վերաբերյալ կողմերի հանձնառությունը եւ ԵՄ-Հայաստան քաղաքականության գործողությունների ծրագրի արդիականացման անհրաժեշտությունը:



























