ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացրած 6 կետերը մեր նվաճումներն արդարացնող դիվանագիտական ձեւակերպումներ են, եւ այս հայտարարությամբ Արեւմուտքը, առանձին կամ Ռուսաստանի հետ միասին, ֆիքսում է, որ տեր է այդ կարգավիճակին եւ որեւէ մեկին թույլ չի տա, որ այդ կարգավիճակը խախտվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:
Նա հիշեցրել է G7-ի հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն ուժային մեթոդներով փոխել չի կարելի, ապա եզրակացրել. «Կարծում եմ, բանաձեւն այն է, որ աշխարհը պաշտպանում է մեր նվաճած կարգավիճակը, մենք արդարացի գործ ենք արել, մենք խախտել ենք կայսրությունների ժամանակ կամայականորեն եւ անարդարացիորեն ձեւավորված սահմանները եւ մենք ունենք այդ վերանայման իրավունքը: Հայ ժողովրդի անվտանգությունն Ադրբեջանի տարածքում երաշխավորված չէ, ոչ ոք չի ուզում նոր ցեղասպանություն: Նշանակում է, որ աշխարհը մեզ պաշտպանում է, ուրեմն պետք է պահանջատեր լինել»:




























