Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը 10 հազարի է հասել: Այս մասին Ժնեւում` մամուլի ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի աշխատակազմի մամուլի քարտուղար Էդրիան Էդվարդսը:
«Տեղական իշխանությունները հայտնում են, որ վերջին օրերին էլ ավելի մեծ թվով էթնիկ ուկրաինացիների, ռուսների եւ խառնազգ ընտանիքների տեղաշարժ է նկատվում», - ասել է նա` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այդ մարդկանց մի մասը ստիպված է եղել բնակության վայրը երկու անգամ փոխել` «մի անգամ Ղրիմից` արեւելյան շրջաններ, իսկ այնտեղից էլ` երկրի այլ ռեգիոններ»:
Ուկրաինացիների` բնակավայրը լքելու ամենամեծ շարժառիթը, ըստ մամուլի քարտուղարի, «ուղիղ սպառնալիքները, անվտանգության բացակայության նկատմամբ վախը կամ հետապնդումներն են»:
«Մարդիկ ասում են, որ վախենում են էթնիկ պատկանելության կամ կրոնական հայացքների պատճառով հետապնդումներից, իսկ լրագրողների, իրավապաշտպանների եւ ստեղծագործական աշխատանք իրականացնող մարդկանց պարագայում` գործունեությանը կամ մասնագիտական ակտիվությանը սպառնացող վտանգներից», - նշել է Էդրիան Էդվարդսը:
Նրա խոսքով, դեպքեր են եղել, երբ բնակության վայրում մարդկանց հասցեին «հեռախոսով, սոցցանցերով կամ գրավոր տեսքով» սպառնալիքներ են հնչեցվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























