Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը մասնակից երկրների` ժամանակակից ժողովրդավարական աշխարհին համապատասխան բարեփոխումներին ու տրանսֆորմացիային է ուղղված: Այս մասին մայիսի 21-ին, «Եվրամիության ընդլայնման 10-րդ տարեդարձ» վերտառությամբ հասարակական քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Նրա խոսքով, վերջին 10 տարիներին Լեհաստանը Եվրամիության շրջանակում լուրջ քաղաքական կշիռ է ձեռք բերել: «Եվրամիության կազմում առաջին տասնամյակն արդեն որպես ուժեղ եւ ազդեցիկ երկիր ենք նշում, երկիր, որը գիտի` ինչպես իրականացնել իր շահերը եւ որը միաժամանակ ողջ Եվրոպայի ինտեգրման ուղղությամբ է գործում: Լեհաստանը կանխատեսելի եւ պատասխանատու երկրի հեղինակություն է վայելում», - նշել է Ռաչինսկին` ընդգծելով, որ նույնիսկ հիմա` տնտեսական ճգնաժամի պայմաններում, երկրի բնակչության 86 տոկոսը ԵՄ-ին միավորումը ճիշտ է համարում:

Լեհական տրանսֆորմացիայի արդյունքները, դիվանագետի համոզմամբ, արեւելյան հարեւաններին համարժեք փոփոխություններ ցանկանալու իրավունք է տալիս: «Մեր փորձը համոզմունք է ներշնչում, որ այդ երկրները եւս, վերակառուցման նմանատիպ գործընթացներով անցնելու պարագայում, կարող են ուժեղ դառնալ», - ասել է Զդիսլավ Ռաչինսկին: