Գոռ Առաքելյանը որեւէ ագրեսիվ վարք չի դրսեւորել, ականատեսներն են նման ցուցմունք տվել: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ մեղադրյալ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրեց որոշ ցուցմունքներ՝ ի պատասխան «Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի ներկայացրած փաստերի:
«Ականատես վկաների ցուցմունքների համաձայն, որին ես՝ որպես Գոռ Առաքելյանի փաստաբան ծանոթացել եմ մայիսի 21-ի դատական նիստի ժամանակ, Գոռ Առաքելյանը որեւէ ագրեսիվ վարք չի դրսեւորել, եւ ընդհակառակը երբ որոշ անձինք, ովքեր որ իր հետ վիճաբանել են կամ հարվածել, Գոռը բազմիցս կրկնել է, որ թողեք երեխային բարձրացնեմ տուն: Նշվածը, թե «անցած լինի, բոլորիս հետ էլ պատահում է»՝ ականատես վկաների ցուցմունքների համաձայն՝ այս հանգամանքները հերքվել են: Այնտեղ շատ ավելի կարեւոր փաստեր կան, որոնք հետագայում կներկայացնեմ: Այս պահին այսքանը կարող եմ ասել, որովհետեւ մնացածը նախաքննական գաղտնիք է»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Վարդուհի Էլբակյանը ասել էր. «Տպավորություն են ուզում ստեղծել, որ հենց այնպես ծեծել են ու ջարդել: Իհարկե, քաշքշոց եղել է, սակայն ոչ այնպես, ինչպես ներկայացնում են: Իրականում, Վալերին եւ Նորայրը մեքենան կայանել են եւ մտել շենք: 20 րոպե հետո իջել են եւ ասել, որ «անցած լինի, բոլորիս հետ էլ պատահում է», սակայն Գոռը սկսել է հետները վիճել եւ կրակել է»:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Գոռ Առաքելյանի դեմ հարուցվել է մեղադրանք՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով, նա կալանավորված է։





























