Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մերձավոր Արեւելք շրջագայության ընթացքում այցելել է իսլամի եւ հուդայականության սրբատեղիներ, այնուհետ հարգել է ահաբեկչությունների զոհ դարձած հազարավոր իսրայելցիների, ինչպես նաեւ Հոլոքոստի զոհ միլիոնավոր հրեաների հիշատակը:
Սուրբ հող այցի եզրափակիչ օրը պապը եղել է Տաճարի լեռան վրա, որը մահմեդականների երրորդ սրբավայրն է Մեքքայից եւ Մեդինայից հետո: Պապը մզկիթ մտնելուց առաջ, ի նշան իսլամի ավանդույթների հանդեպ տածած հարգանքի, հանել է կարմիր կոշիկները:
«Թող որ հարգենք եւ սիրենք իրար եղբայրների ու քույրերի պես, կարեկցող լինենք այլոց նկատմամբ: Թող որ ոչ ոք բռնությամբ չպղծի Աստծո անունը», - մահմեդականներին ասել է Ֆրանցիսկոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Դրանից հետո նա իջել է հուդայականության գլխավոր սրբատեղի Լացի պատի մոտ եւ դրա քարերի արանքում խաղաղության մասին աղոթքով թուղթ է դրել:
Ավելի վաղ պապը Իսրայելի եւ Պաղեստինի նախագահներ Շիմոն Պերեսին ու Մահմուդ Աբասին կոչ էր արել այցելել Վատիկան՝ խաղաղության համար համատեղ աղոթելու:




























