Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի թոռնիկը՝ «Վերնիսաժի» դեպքերին ականատես եղած 3-ամյա Լիլի Առաքելյանը, դեռ բուժվում է Սանկտ Պետերբուրգում, բժիշկները խոստացել են, որ շուտով խոսելու է, սակայն արդյունք դեռ չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մեր աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ երեխան Ռուսաստան է մեկնել մայրական տատիկի հետ, նրանց հետ էր նաեւ Կարո Կարապետյանը, որն այսօր առավոտյան է վերադարձել Հայաստան:
«Գոռ Առաքելյանի կինը՝ Լուսինե Կարապետյանն էլ պետք է երեխայի հետ գնար, սակայն նախաքննության փուլում է, գործով որպես վկա է անցնում: Մի անգամ ցուցմունք տվել է, բայց հիմա քննիչը դիմում է տվել ու հրաժարվել գործից, ըստ երեւույթին նորից են Լուսինեին հարցաքննելու, դրա համար չի կարողանում երեխայի հետ մեկնել»,- նշեց մեր զրուցակիցը:
ԲՀԿ-ական պատգամավորին մոտ կանգնած աղբյուրները մեզ հայտնեցին նաեւ, որ առաջադրված մեղադրանքը շոկի մեջ է գցել Գոռ Առաքելյանի բոլոր հարազատներին: Նրանք համոզված են, որ ցանկացած տղամարդ կվարվեր այնպես, ինչպես Գոռն է վարվել:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:
Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։





























