Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրենց մեկժամյա զրույցը նվիրել են Ուկրաինային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պուտինն ու Մերկելը ամբողջությամբ կենտրոնացել են Ուկրաինայի հարցերի, Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու վրա», — հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ներկա է եղել զրույցին: 

Պատասխանելով  հարցին, թե խոսել են արդյոք առաջնորդները Ուկրաինայի հարցում Մոսկվայի եւ Բեռլինի մոտեցումների տարբերության մասին, Պեսկովն ասել է.  «Հենց դրան էլ նվիրված էր զրույցը»:

«Կանցլերը վստահ է, որ միջազգային հանրության կողմից ճանաչված  նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածը պետք է օգտագործել իրավիճակը կայունացնելու համար՝ հատկապես Ուկրաինայի արեւելքում: Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորություններն այդ հարցում», - հայտարարել է Մերկելի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում՝ Նորմանդիայում  դաշնակիցների ափհանման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: