«Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը վաճառել է մի շարք սկանդալների մեջ ներքաշված բրիտանական «G4S» թիկնապահական կազմակերպության իրեն պատկանող բաժնետոմսերի փաթեթը: «G4S»-ում հրաժարվել են մեկնաբանություններ տալուց:

«Bill & Melinda Gates Foundation» բարեգործական ընկերության շահերը ներկայացնող «Cascade Investment» ընկերությունը տիրապետում էր բրիտանական թիկնապահական ձեռնարկության ավելի քան 3 տոկոսին, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:

«G4S»-ը մասնագիտացած է ինկասացիայի, բանտերի պահպանության եւ տարբեր ձեռնրակությունների պահպանության ծառայություններում: Վերջին տարիներին ընկերությունը ներքաշվեց մի քանի աղմկահարույց պատմությունների մեջ: 2012թ.-ին ընկերության հեղինակությանը լուրջ վնաս հասցրեց անհաջողությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերում. «G4S» չկարողացավ Խաղերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քանակի թիկնապահներ տրամադրել:

2014թ.-ին հունիսին բրիտանական գրասենյակը, որը պատասխանատու է կոմերցիոն կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանությանը, նախաձեռնեց «G4S»-ի  գործունեության ստուգումներ Իսրայելում եւ պաղեստինյան տարածքներում: Արդյունքում ընկերության բաժնետերերը որոշեցին դադարեցնել համագործակցությունը Իսրայելի բանտային համակարգի հետ:

«G4S»-ի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ այն գործում է աշխարհի ավելի քան 120 երկրում, ընկերությունում աշխատում է 618 հազար մարդ: