Հարկավոր է խորհրդարանական լսումներ անցկացնել`Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարության եւ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի լարման առթիվ: Հայտարարությունը հունիսի 9-ին խորհրդարանում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է հնչեցրել:
Խորհրդարանականը նշել է, որ սահմանին նկատվող լարվածությունը կարող է հենց Նազարբաեւի`մայիսի 29-ին Աստանայում հնչեցրած հայտարարության ոգեշնչման հետեւանքը լինել: «Ղազախստանը, ՀԱՊԿ շրջանակում մեր դաշնակիցը լինելով, անտեսում է այդ հանգամանքը եւ մեր զինծառայողների կյանքի համար վտանգ ներկայացնող հայտարարություններ անում», - նկատել է ընդդիմադիր պատգամավորը:
Այդ առթիվ, Փաշինյանի համոզմամբ, հարկավոր է խորհրդարանական լսումներ անցկացնել, որտեղ Հայաստանի ԱԳ նախարարը պետք է բացատրություններ տրամադրի առ այն, թե ինչպիսի փոխադարձ պարտավորություններ ունեն ՀԱՊԿ անդամ-երկրները եւ որն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` Աստանայում կայացած նիստի վերաբերյալ:
Իր հերթին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ հարցն իսկապես քննարկման ենթակա է, բայց այն պետք է անաչառ պայմաններում իրականացվի: Մասնավորապես նշվել է, որ ԱԳՆ-ն պատրաստվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նարիա Զոհրաբյանի համապատասխան հարցումը քննարկման առնել: Ի պատասխան, Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Ամեն ինչ այդպես է, միայն թե ԱԳՆ-ն սահմանված ժամկետում չի պատասխանել իմ հարցմանը»:
«Այդ դեպքում չորեքշաբթի օրը`հարցուպատասխանի ժամանակ կարող եք անձամբ ԱԳ նախարարին Ձեր հարցն ուղղել: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում քննարկում իրականցվի` ենթադրաբար հունիսի 16-ին կամ 17-ին», - հայտարարել է Գալուստ Սահակյանը:





























