Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը պատրաստ է մանրամասն քննարկել ոչ միայն ընդդիմությանը, այլեւ հանրությանը մտահոգող ցանկացած հարց, հունիսի 9-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` մայիսի 29-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարության վերաբերյալ լսումներ անցկացնելու անհրաժեշտության մասին:
«Խորհրդարանական մեծամասնությունը եւս հարցեր ունի այդ կապակցությամբ, սակայն կարծում ենք, որ դրանք ավելի լավ է քննարկել ոչ տեսախցիկների առաջ: Կան հարցեր, որոնք այդ ձեւաչափում քննարկելը նպատակահարմար չէ: Դա կարող է խանգարել այս կամ այն գործընթացին: Ինչ վերաբերում է Աստանայում հնչած հայտարարությանը, ապա միայն մեկ բան կարող եմ ասել. պետք է տարբերել բանակցային գործընթացը եւ հրապարակային հայտարարությունը: Այդ մասին հայտարարել է նաեւ ՀՀ նախագահը: Այնուամենայնիվ, եթե մեր գործընկերները հարցեր ունեն, մենք պատրաստ ենք լսումներ կազմակերպել», - նշել է Շարմազանովը:
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել: Նա դա արել էր այն բանից հետո, երբ Նուրսուլթան Նազարբաեւը ընթերցել է ադրբեջանցի գործընկերոջ նամակը՝ Հայաստանին միայն միջազգայնորեն ճանաչված սահմաններով ԵՏՄ ընդունելու վերաբերյալ:





























