Ղրղըզստանը մտադիր է մինչեւ ընթացիկ տարվա վերջ Մաքսային միության լիիրավ անդամ դառնալ: Տեղեկությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ընթացքում երկրի վարչապետ Ջոոմարտ Օտորբաեւն է հաղորդել:
«Մենք ձգտելու ենք «ճանապարհային քարտեզի» շրջանակում հանձն առնված բոլոր պարտականություններն ի կատար ածել», - հայտարարել է նա: Վարչապետի խոսքով, հիշյալ փաստաթուղթը բոլոր նախապատրաստական աշխատանքների` մինչեւ տարվա վերջ իրականացում է նախատեսում:
Ղրղըզստանի կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ, ի տարբերություն մի շարք քաղաքական ընդդիմախոսների, հավանություն է տալիս հանրապետության` Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի տնտեսական միավորմանն անդամագրվելու գաղափարին:
«Այստեղ հայեցակարգային խնդիրը հետեյալն է` ցանկանում ենք բաց տնտեսությո՞ւն կառուցել, թե՞ առանձնանալ մեր գլխավոր առետրային գործընկերներից: Բայց քանի որ ի սկզբանե բաց տնտեսության ենք ձգտում, ցանկապատներ կառուցելու ցանկացած նախաձեռնություն արմատապես սխալ կլինի», - հայտարարել է Օտորբաեւը:
Նրա խոսքով, երկիրն, ընդհակառակը, պետք է «ազատ տնտեսության հայեցակարգի ճանապարհին վեր խոյացող բոլոր խոչընդոտները վճռականորեն արմատախիլ անի»: «Ամենամեծ դրական տեղաշարժը երկրի ներդրումային պայմանների սկզբունքային բարելավումն է լինելու, իսկ հիմնական բացասական կողմը` որոշ ապրանքատեսակի գների հավանական բարձրացումը: Բայց եթե համեմատելու լինենք Մոսկվայի, Աստանայի, Մինսկի եւ Բիշկեկի շուկաներիում առկա գները, պարզ է դառնում, որ տարբերություններն այնքան էլ մեծ չեն, ավելին` Մաքսային միության շուկաներում վաճառվող մի շարք հիմնական ապրանքատեսակների, օրինակ` հացի, ալյուրի, ձվի գներն ավելի էժան են` մեր շուկայի համեմատությամբ», - նշել է Ղրղըզստանի վարչապետը:




























