Հայաստանի ԱԳՆ-ում Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ հունիսի 9-ին կնքվել է Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով հայկական կողմին կտրամադրվի 200 մլն յենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք՝ Ճապոնիայի փոքր եւ միջին ձեռնարկությունների արտադրանքը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան: Ստորագրման արարողությունից հետո ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ընդունել է Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի փոխգործակցության զարգացմանը: