Ավստրիայի մայարքաղաք Վիեննայում, այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ: Զրուցակիցները կարեւորել են հայ-ավստրիական առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի Նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ-ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա եւ օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջեւ շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առեւտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առեւտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի:

Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները ողջունել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովը եւ իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման: