Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հունիսի 12-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա եւ ՀՀ անկախությունից հետո դրանք նոր բովանդակություն են ստացել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Ավստրիայի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացմամբ եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարեւորել է Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների համագործակցությունը:
Նախագահը նշել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգեւոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի հիշողության մեջ վառ են սրբադասված Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի՝ 2001թ. ՀՀ այցելությունից ստացած անկրկնելի տպավորությունները, երբ հայ ժողովուրդը նշում էր ՀՀ-ում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Նախագահը նշել է, որ հայերի համար թանկ է եւ կարեւոր, որ երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ պապը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը (2000թ. Վատիկանում եւ 2001թ. Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի հետ համատեղ հայտարարություններով):
Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում զրուցակիցները մեծապես կարեւորել են նաեւ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը:
ՀՀ Նախագահը եւ Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնը գոհունակությամբ են փաստել, որ սերտ կապեր են ձեւավորվել Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու հետ, որոնց շրջանակներում համատեղ իրականացվում են կրթական ու մշակութային ծրագրեր:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիեննայի արքեպիսկոպոսին եւ Ավստրիայի կառավարությանը հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի եւ աջակցության համար:
Վիենայում նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ հարգանքի տուրք է մատուցել ավստրիացի գրող եւ հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին:






























