ԵԽԽՎ համազեկուցողները կարեւորում են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը եւ ուզում են, որ մենք այս գործընթացի մեջ մտնենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ համազեկուցողները հանդիպել են ԱԺ բոլոր 6 խմբակցությունների հետ:
«Ես ասացի, որ եթե այսօր ունենք խնդիրներ՝ կոռուպցիա, ստվեր եւ այլն, Սահմանադրական փոփոխությունների կարիքը չկա, պետք է ընդամենը իշխանությունները քաղաքական կամք ունենան»,-ասել է Հակոբյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով՝ համազեկուցողներն անդրադարձել են նաեւ նույնասեռականների իրավունքների խնդրին, որի ժամանակ ինքը նշել է, որ պետք է հաշվի առնել յուրաքանչյուր պետության մենթալիտետը, որ դա չպետք է դառնա արհեստական ու պարտադրված։
«Պետք է նկատի ունենալ՝ ինչ տարածաշրջանում ենք գտնվում եւ ինչ առանձնահատկություններ կան, առավել եւս, որ այնտեղ խոսք կար այլընտրանքային ծառայության մասին։ Պետք է հաշվի առնել, որ մենք պատերազմող երկիր ենք, ճիշտ է՝ սառեցված է, բայց պատերազմական հոգեբանության մեջ ենք ապրում եւ այն ստանդարտները, որ կան Եվրոպայում, չպետք է թաքնված պարտադրել Հայաստանում»,-ընդգծել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:





























