Ադրբեջանը նշում է խողովակաշարերից կախվածության խոցելիությունը եւ նախազգուշացնում տվյալ օբյեկտների դեմ ահաբեկչական սպառնալիքի մասին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, խորհրդաժողովի ընթացքում ինքը հանգել է եզրակացության, որ առանց ղարաբաղյան հակամարտության, Ադրբեջանի դիվանագիտությունն ու անվտանգությունը երերուն կդառնան: «Ամեն ինչ հանգում է ռազմավարության, որը հիմնված է միայն մեկ խնդրի հիման վրա»,- գրել է Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-18-ը Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-ռոութ» 86-րդ սեմինարը՝ նվիրված Հարավային Կովկասին: Հայաստանից սեմինարին մասնակցում են ԱԺ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:





























