Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հունիսի 17-ին, ԵԽԽՎ համազեկուցողներ Ակսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ հանդիպման ժամանակ խոսել է սահմանադրական բարեփոխումների հարցը:

Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը: Նրանք  ներկայացրել են խմբակցության դիրքորոշումը երկրում ընթացող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, խոսել քառյակի ձեւաչափում համագործակցության եւ այն քայլերի մասին, որոնք նախաձեռնել են քառյակի կուսակցությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նոր կառավարության գործունեությանը: Կողմերը քննարկել են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որի վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկա:

«Իսկ իրենց շատ ակտիվ հետաքրքրում էր քառյակի գործունեությունը, սահմանադրական փոփոխությունները, նոր կառավարության աշխատանքը և նաև օրենսդրության հետ կապված մի քանի խնդիրներ»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Կողմերը քննարկել են նաեւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներին՝ արտագաղթին, աղքատությանը եւ գործազրկությանը վերաբերող խնդիրները, անդրադարձան օրենսդրության բարելավման հետ կապված մի շարք հարցերի: