Ադբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Բաղիր Բախրամին հայտարարել է, թե Իրանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են Թեհրանի կողմից ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը նպաստելու շուրջ:
Նրա խոսքով, Իրանը հուսով է, թե այդ հարցը, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն 18 տարի փորձում է լուծել, կկարգավորվի խաղաղ ճանապարհով: «Բայց Արեւմուտքը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, երբեք չեն ձգտել կարգավորել խնդիրը, եւ նրանց վրա չարժե հույս դնել»,- ասել է դեսպանը SalamNews-ին տված հարցազրույցում:
Դիվանագետը հայտնել է, որ Իրանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են Թեհրանի կողմից ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը նպաստելու շուրջ: «Մենք մեր կողմից արդեն ինչ-որ քայլեր ենք արել: Մենք երախտապարտ ենք ադրբեջանցի պաշտոնյաներին, որ ընդունել են մեր համագործակցության հրավերը: Իրանը միշտ ընդունել եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:
Դեսպանի խոսքով, իրավիճակից ելքը կարող են գտնել միայն տարածաշրջանի երկրները: Նա նշել է, որ բոլոր երկրները պետք է ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Իրանի, Թուրքիայի եւ այլ երկրների օրինակով:


























