Բաքվում հայ պատվիրակների ընդունեության  մակարդակն այս անգամ մեկ քայլ առաջ էր ադրբեջանական կողմի համար: Այս մասին հունիսի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի սեմինարին հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, ով ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի հետ մասնակցել է Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարին: 

Ըստ Պողոսյանի՝ այս անգամ ընդունեության  մակարդակն այլ էր, քանի որ ադրբեջանցիները ցանկանում էին ցույց տալ իրենց հանդուրժողականությունը. Եթե նախորդ այցի ժամանակ հայ պատվիրակներին թույլ չէին տալիս դուրս գալ հյուրանոցից՝ անվտանգության նկատառումներով, ապա այս անգամ դա թույլատրվում էր: «Մեզ ասացին, որ ցանկության դեպքում կարող ենք զբոսնել քաղաքում, ինչը մենք արեցինք: Սակայն մեր ցանկացած որոշակի վայրերում այդպես էլ չհաջողվեց լինել: Ադրբեջանցիներն ուղղորդում էին մեզ՝ նշելով, որ ավելի լավ է ծովափին զբոսնել կամ այցելել սրճարան:  Ստացվեց այնպես, որ մեր գնացած վայրերը մարդաշատ չէին: Այսինքն, «պատահաբար» քաղաքի այդ հատվածները ամայի էին, կամ էլ այնտեղ փոքր երեխաներ էին», - ասել է Պողոսյանը: