Վրաստանի ԱԳ նախարարությունը, ինչպես նաեւ այդ երկրում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուսեյնը հրաժարվել են մանրամասներ հաղորդել Վրաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպումից, ուր դեսպանը կանչվել է Բաքվի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ադրբեջանակն եւ վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ադրբեջանցի դիվանագետը Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հեռացել է առանց մեկնաբանություններ տալու:

Ավելի վաղ Բաքվի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առիթով Վրաստանի ԱԳՆ-ն նոտա էր հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին: «Ադրբեջանում մեր դեսպանատունը խնդրին միացել է այն բանից հետո, երբ տվյալ իրադարձության հանդեպ սկսել են լայն հետաքրքրություն ցուցաբերել: Լրատվամիջոցները մեզ բազմաթիվ հարցեր են ուղղել, եւ երբ հարցը Վրաստանի քաղաքացու մասին է, առավել եւս՝ խորհրդարանի անդամի, Վրաստանի դեսպանությունը եւ ԱԳՆ հյուպատոսական բաժինը պարտավոր են պարզել իրավիճակը: Դրա հետ կապված հյուպատոսն ու փոխհյուպատոսը մեկնել են Ադրբեջան, որպեսզի պարզեն, թե ինչի հիման վրա են տարածվում այդ լուրերը»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:

ԱԳ նախարարը նշել է, որ հաշվի առնելով հակասական եւ իրար բացառող տեղեկությունները, Վրաստանի արտգործնախարարությունը սկսել է իրավիճակը պարզել բոլոր ուղղություններով:

Միջադեպը հետաքննելու համար Բաքու է մեկնել վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նկարահանող խումբը:

Խոսքը Բաքվի օդանավակայանում վրաց պատգամավորներ Իրմա Նադիրաշվիլին եւ Զուրաբ Ջափարիձեին խուզարկելու փաստն է: Որոշ տեղեկությունների համաձայն, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորները 1 մլն դոլար էին փոխադրում: