ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը Bright Armenia-ի, Armenian Volunteers Corps-ի, Armenian UN Acossation-ի եւ կամավոր երիտասարդության մասնակցությամբ այսօր՝ հունիսի 20-ին, տեղի ունեցավ «Մեկ մասնատված ընտանիքն անգամ շատ է» երթ եւ ֆլեշ-մոբ նվիրված փախստականների միջազգային օրվան։
«Այսօրվա մեր միջոցառումը նվիրված է փախստականի միջազգային օրվան եւ մեկ ընտանիք կարգախոսին։ Այսօր Հայաստանում փախստականների իրավունքները պաշտպանված են, բայց շատ հաճախ պրակտիկայում դրանք չեն գործում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը։
Նա նշեց, որ Հայաստանում պաշտոնական տվյալներով կան մոտ 5000 տեղահանված անձինք եւ 2000 փախստական, որոնց մեծամասնությունը սիրիահայեր են։
Անահիտ Հայրապետյանի խոսքով՝ փախստականը որեւէ երկիր գնալով բեռ չի դառնում տվյալ երկրի իշխանություններին, քանի որ իր հետ բերում է իր ձիրքը, շնորհքը. «Սիրահայը գալով այստեղ բեռ չի դառնում, նա մեր մշակույթը զանազանեցնում է, իր ձիրքը մեզ հետ կիսում է»։
Ֆլեշ մոբի մասնակիցները շրջեցին Երեւանի փողոցներով, հայերենով եւ անգլերենով քաղաքացիներին իրազեկեցին փախստականի օրվա վերաբերյալ։ Ֆլեշ-մոբի մասնակիցներին Ազատության հրապարակում միացան թմբկահարների խումբը, որոնք թմբուկներ խփելով մասնակիցների ուղեկցեցին մինչեւ Հանրապետության հրապարակ։











