Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որոնք այսօր՝ հունիսի 21-ին, հավաքվել էին ԱԺ-ի մոտ՝ բողոքելու ԱԺ-ում Կուտակային կենսաթոշկների մասին նորացված օրինագծի ընդունման դեմ, «ամոթ, ամոթ» վանկարկումներով դիմավորեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանին, որը ցանկացավ զրուցել ակտիվիստների  հետ:

«Դեմ եմ» նախաձեռնության անդաներից Գևորգ Գյորգիսյանն ասաց, որ իրենք չեն ցանկանում զրուցել պատգամավորի հետ:

«Կողմ քվեարկելով՝ դուք ասեցիք, որ թքած ունեք հայ ազգի, Հայաստանի Հանրապետության վրա: Ես 8 ամիս լսել եմ, դուք բան չեք ասել, դուք քվեարկեցիք նենց, ոնց Ձեզ հրամայել էին: Դուք ընդհանրապես կարդացե՞լ եք էդ օրինագիծը»,- պատգամավորին վրդովված դիմեց ակտիվիստը:

Սամվել Նիկոյանի խոսքով՝  նախաձեռնության անդամների առաջ  քաշած խնդիրները լուծվել է, բայց «իրանք չեն բավարարվում»:

«Ես հարգում եմ այս երիտասարդներին, բայց մի ժանմանակ 1000 հոգի էին, որովհետեւ տեր կար, իրանց տերը դա հոգում էր: Տերը մի պահ հետ է քաշվել, իրանք մնացել են 30 հոգի: Եթե փորձում են 20 հոգին ագրեսի է ցուցաբերեն, դա այդքան էլ ճիշտ չէ, հարցի լուծման ճանապարհ չէ սա: Իրենց առաջարկների մի մասն, ըստ էության, լուծվել է, իրանք չեն բավարարվում: Կարող է պատահի էս ժողովուրդն ասեր՝  հարկերը վճարելը լավ բան չի, բանակում ծառայելը լավ բան չի»,-լրագրողներին ասաց պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ն այսօր 67 կողմ ձայներով, առաջին ընթերցմամբ, ընդունել է կուտակային կենսաթոշակների օրենքի մասին փոփոխությունները: ՀՅԴ եւ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցությունները երկու անգամ պահանջել են ձայների վերահաշվարկ, սակայն նրանց խնդրանքը չի բավարարվել:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական քառյակի ուժերը («Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ) մի քանի անգամ նոր օրինագծի դեմ են հանդես եկել՝ պատճառաբանելով, որ այդ փոփոխությունները միայն կոսմետիկ բնույթ են կրում: Մասնավորապես, քառյակի դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ պարտադիր կուտակային վճարումները օրենքում ֆինանսական իմաստով պահպանվել են, փոխվել է միայն ձեւակերպումը. դրանք վերափոխվել են պետական ծառայողների համար պարտադիր սոցիալական վճարումների: Մասնավոր հատվածի աշխատողների համար օրենքը ուժի մեջ կմտնի 2017թ հուլիսի 1-ից