«Հարսնաքարի» գործով դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մորը՝ Նունե Մարգարյանին, քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բուժաշխատողներին ոչ մի կերպ չհաջողվեց հանգստացնել Նունե Մարգարյանին, որն անվերջ արտասվում էր ու բղավում. «Ինձ մի փրկեք, թողեք մեռնեմ»։
Նունե Մարգարյանի հարազատներն ասացին, որ տիկին Նունեն շաքարախտ ունի ու եթե նրան նրան արագ չհանգստացնեն, կարող է կոմայի մեջ ընկնել։
Դատապարտյալներից Արման Բաղդասարյանի կնոջը՝ Աստղիկ Մանուկյանին, որը դատարանի որոշումը լսելուց հետո ուշաթափվել էր, բժիշկներն ուշքի բերեցին։
Մյուս ամբաստանյալների հարազատները գնացին հիվանդանոց, որտեղ տեղափոխել էին Նունե Մարգարյանին։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը այսօր՝ հունիսի 23-ին, վճռել էր անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով «Հարսնաքարի» գործով անցնող բոլոր 6 մեղադրյալները դատապարտվել էին 12 տարվա ազատազրկման։
Դատապարտվածների հարազատները մտադիր են դիմել Վճռաբեկ դատարան։
«Եթե իմանայի, որ օգուտ կտա, կգնայի, նախագահականի դիմաց վրես բենզին կլցնեի, կվառեի։ Բայց դա օգուտ չի տա, դրա համար կդիմենք Վճռաբեկ, հետո Եվրոպական դատարան»,- NEWS.am-ի ասաց Արման Խաչատրյանի հայրը՝ Յաշա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձում էին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում։












